Նախորդ տարվա վերջին և այս տարվա հենց սկզբից տնտեսագետները գուժում են, որ երկրի տնտեսական վիճակը կտրուկ վատթարանալու է: Առանց տնտեսության «մահախոսականների» էլ շարքային քաղաքացին տեսնում է իր առտնին հոգսերի մեծացումը և բյուջեի սրընթաց կրճատումը: Իրավիճակն իսկապես անմխիթար է: Երկրի կառավարությունն ունի՞ մշակած հստակ հայեցակարգ, ի՞նչ պետք է անի ընթացիկ տարում, որպեսզի խուսափի սոցիալական բունտերից, փրկի տնտեսությունը և ապահովի մարդկանց գոնե նվազագույն պահանջները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աշխատավարձերը և թոշակները չեն բարձրանալու, պարզ է, որ տնտեսության կառավարիչները իրավիճակը շտկող ոչ մի գործողություն չեն մշակել: Աբսուրդ է, բայց այսպիսի տխուր իրականության պայմաններում խոսվում է 2,2 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին: Փաստորեն, տնտեսությունը մեռնելով 2,2 տոկոսի չափով հարությո՞ւն է առնում: Դա ոչնչով չի անդրադառնա շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա, իսկ թե ով և ինչպես է զգալու այդ աճը, արդեն մարդկանց քիչ է հուզում: Ի դեպ, Համաշխարհային բանկը ևս այսքան տոկոսի աճ է կանխատեսել 2016-ին Հայաստանի համար: Միջազգային կառույցներն իրենց տեղում թող կանխատեսեն, բայց դրանից մեր կյանքի որակը չի փոխվում այնպիսի արագությամբ, ինչպես երբեմն այդ «միջազգայիններն» են իրենց տեսակետները փոխում: Օտարին թողնենք իր շահերով ու կանխատեսումներով, վերադառնանք մեզ:
Էականն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր կառավարություն չպետք է «շտապի» աճի տոկոսներ նկարելու, որ իր աթոռը թվացյալ կայուն պահի, այլ ջանք, եռանդ ներդնի, որ սեփական երկրին մի օգուտ տա: Իսկ սրա համար նախ պետք է ձերբազատվել թալանչու հոգեբանությունից և սրտացավ վերաբերմունք ունենալ հայրենի երկրի հանդեպ: Սա է հենց տնտեսության բարելավման հայեցակարգի հենքը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ